Ներքին առաջնությունների ու գավաթային խաղերի, Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների գավաթների խաղարկություններից հետո Եվրոպայում վրա է հասնում միջմրցաշրջանային ֆուտբոլի ժամանակը: Այս փուլը համաշխարհային ֆուտբոլի գերակումբներն ու առաջատար ակումբները սովորաբար անցկացնում են ոչ միայն նոր մրցաշրջանին նախապատրաստվելու, այլև գումարներ վաստակելու, աշխարհով մեկ ունեցած իրենց տասնյակ միլիոնավոր երկրպագուների շարքերը նորերով համալրելու համար: Այսօր անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Հասկանալի է, որ սեփական շապիկը սեփական մարմնին ավելի մոտ է, իսկ քանի որ մեզ համար այդ առավել «մերձավորը» «Բարսելոնն» է, հետևաբար սկսենք նրանից:
Ավարտված մրցաշրջանում առանձնապես չփայլած (եթե կա մեկը, ով կարող է գոհանալ Իսպանիայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալով, Աստված այդ մեկի հետ) կատալոնյան ակումբի առաջին կանգառը կլինի Լեհաստանում, որին կհետևի հուլիսի 27-ին «Բավարիայի» հետ սպասվելիք խոշորագույն իրադարձությունը: Այո, այո, այն «Բավարիայի», որը, հմտորեն օգտվելով բարսելոնցիների ժամանակավոր դժվարություններից, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի հանդիպումներում նրան խոցեց 4:0 ու 3:0 անպատվաբեր հաշիվներով, ինչից հետո գավաթն Անգլիայի սրտից Մյունխեն տանելն առանձնապես մեծ բարդություն չպիտի լիներ, որքան էլ Դորտմունդի «Բորուսիան» հասցրել էր նույն այդ ֆուտբոլային Եվրոպան ցնցել իր համակրելի, ագրեսիվ խաղով: Սակայն հանգամանքների բերումով սա, գիտեք, չի լինելու հանդիպում հայնկեսյան «Բավարիայի» հետ, այն ծերուկ «Բավարիայի», որը մյունխենցիների համար մրցաշրջանից կարողացավ քամել առավելագույնը (հիշեցնենք, որ օրերս մյունխենցիները շահեցին նաև երկրի գավաթը): Սա լինելու է հանդիպում Գվարդիոլա գլխավորով «Բավարիայի» հետ, իսկ թե ով է Գվարդիոլան ու ինչ է արել «Բարսելոնի» համար, եկեք անիմաստ չմանրամասնենք, քանզի ինձնից ավելի իրազեկված եք:
Առանցքային այս հանդիպումից հետո կատալոնցիները կմեկնեն Նորվեգիա, իսկ օգոստոսին կշտապեն գերելու Ասիա աշխարհամասը` Թաիլանդում ու Մալայզիայում «ցուցադրական» շրջայցերով: Եթե Լեհաստանում ու Նորվեգիայում «Բարսելոնը» հանդիպումներ է ունենալու ակումբային մակարդակով (ի դեպ, մրցակիցները դեռևս հայտնի չեն), ապա ասիական հիշյալ երկրները կփորձեն իրենց հավաքականների ուժը: Ցավոք, «Բարսելոնի» ամառային տուրնեում հանդիպում չի նախատեսված մեր ընտրանու հետ` նրա գլխավոր Վարդան Մինասյանի տակտիկան մտահղացումների նկատմամբ ունեցած բնական սարսափից, իսկ ակումբային մակարդակով ո՞ր թիմին դեմ տայինք, որ ֆուտբոլի մասին հայաստանյան երկրպագուի պատկերացումների հոգոց հանգուցելոցը չանեինք:
Մեծ շրջագայության է ելնելու նաև Լոնդոնի «Չելսին»` իր նոր գլխավոր Ժոզե Մոուրինյոյով: Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ կարծելու համար, որ ակումբի հանդիպումները վաղօրոք չեն պլանավորվում, բայց որ իսպանական ֆուտբոլից վերջին երեք տարիների իր մղձավանջ «Բարսելոնի» նման պորտուգալացու նոր թիմը նույնպես երևալու է Թաիլանդի ու Մալայզիայի կողմերում, վերին նախախնամության մատը, կներեք, չեմ կարող չտեսնել սրանում: ՈՒրիշ բան, որ «Չելսին» այնուհետ կգնա նաև Ինդոնեզիա ու վերը հիշատակված պատճառներով «Բարսելոնի» նման նույնպես կշրջանցի մեր երկիրը, բայց դրանից առանձնապես տրտմելու բան չունենք. տեղի հայերս` չէ, փոխարենը Ամերիկայի հայերը կտեսնեն լոնդոնյան ակումբն ու նրա էկզոտիկ մարզչին: «Չելսին» այնտեղ կմասնակցի միջազգային խոշորագույն մրցաշարի, որին հրավիրված են նաև իսպանական «Վալենսիան», իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», անգլիական «Էվերթոնը», տեղի «Լոս Անջելես Գալաքսին» ու, որ պակաս խորհրդանշական չէ, Մադրիդի «Ռեալը»` Մոուրինյոյի արդեն նախկին թիմը: Ասենք, որ այս մրցաշարը, որն ակումբային մակարդակով հավակնում է դառնալու ամառային ֆուտբոլի զարդերից մեկը, մեկնարկելու է հուլիսի 27-ին ու եզրափակվելու է օգոստոսի 7-ին: Այն անցկացվելու է play off-ի սկզբունքով: Մրցաշրջանից «թռած» թիմերը չեն շտապի տուն դառնալ, այլ կմնան ու կզվարճացնեն ամերիկացի ֆուտբոլասերներին` պայքարելով 5-8-րդ տեղերի համար:
Դառնալով էկզոտիկ շրջագայությունների թեմային` ասենք, որ ամառային ֆուտբոլի այս փուլում միայն «Բարսելոնն» ու «Չելսին» չեն դրսևորել նման կայուն հակումներ: Պարզվում է` նման թուլություններ ունեն նաև «Արսենալն» ու «Մանչեստր Յունայթեդը»: Առաջինը կանցնի Ինդոնեզիա-Վիետնամ-Ճապոնիա, երկրորդը` Հոնկոնգ-Ճապոնիա-Թաիլանդ-Ավստրալիա երթուղիով:
Նյութը, ինչպես տեսնում եք, սահուն ընթացքով մոտենում է իր բնական ավարտին, սակայն եթե այստեղ դնեմ վերջակետ, ընթերցողի մեջ, բնականաբար, կառաջանա նկատելի անբավարարվածության զգացողություն, իսկ չբավարարված մարդը, գիտեք, շատ ավելի վտանգավոր է բավարարված մարդուց: Հետևաբար փորձենք պատասխանել ենթադրյալ այն հարցին, թե ի՞նչ էկզոտիկ ճանապարհորդություն է սպասում, մասնավորապես, հայաստանյան ակումբային ֆուտբոլին: Միանգամից պատասխանեմ` ոչ մի: ՈՒ դրա անհրաժեշտությունը, եթե կուզեք իսկապես ճիշտը իմանալ, բնավ էլ չկա: Մենք մեր ակումբային ֆուտբոլի մակարդակով արդեն իսկ ոտքից գլուխ էկզոտիկա ենք: Սրանից ավել էլ ի՞նչ եք ուզում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ